Antares
հայերեն | english | русский

Golden Hammer

KIAF


<<ՕՐԵՆՔԸ ՓՆԹԻ Է ԳՐՎԱԾ>> <<ՕՐԵՆՔԸ ՓՆԹԻ Է ԳՐՎԱԾ>>
27-04-2010

Այս կարծիքին են գովազդի ոլորտի հետ առնչվող մասնագետները Չնայած <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքը գրեթե ամեն տարի փոփոխության են ենթարկում, լրացումներ կատարում՝ մի բառ, մի տող կամ մի հոդված են ավելացնում, այնուամենայնիվ, այդ օրենքը բազմաթիվ թերություններ ունի: Որոշ մասնագետների կարծիքով, թեեւ օրենքը պարբերաբար թարմացվում է, սակայն այն այնքան փնթի է գրված, որ թե սպառողները, թե գովազդատուներն ու այլ պատասխանատուներ կարող են երկիմաստ մեկնաբանել օրենքի որոշ հոդվածներ: Նման հոդվածներից մեկն էլ <<Հովանոցային>> գովազդն է: Օրինակ, այդ հոդվածում նկարագրված է՝ <<Հովանոցային գովազդն այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ: Հովանոցային է համարվում նաեւ այդպիսի ապրանքներ արտադրողի կամ վաճառողի եւ ծառայություններ մատուցողի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակումը գովազդում... Հովանոցային գովազդն արգելվում է>>: Մեզ հետ զրույցում <<Անտարես>> հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ թեեւ որոշակիորեն նկարագրվում է, թե որն է հովանոցային գովազդը, սակայն հստակ սահմանում չկա, թե գովազդում ինչպիսի պատկեր կամ խոսքեր չպիտի լինեն, որպեսզի այն չարգելվի: Այսինքն, եթե մեր շուկայում առկա է <<Պառլամենտ>> օղի եւ սիգարետ եւ գովազդի առումով այս ապրանքատեսակների վրա կան սահմանափակումներ, ապա գործարարը չի կարող հեռուստառադիոեթերներում գովազդել, ասենք, <<Պառլամենտ>> գրիչը, քանի որ այն կհամարվի հովանոցային: Իսկ թե ինչու դա կհամարվի հովանոցային՝ արգելված գովազդ, պարոն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց. <<Սպառողների մեծ մասին քաջ հայտնի են նույնանուն օղին եւ սիգարետը, եւ եթե եթերում լսեն <<պառլամենտ>> բառը, դա գուցե նրանց մոտ ասոցացվի հենց օղու կամ սիգարետի հետ, այլ ոչ թե գրիչի>>: Այս առումով, որոշ մասնագետներ հակառակ կարծիքի են: Օրինակ՝ եթե <<Պառլամենտ>> գրչի գովազդի ժամանակ ներկայացվող գրիչը օղու շշի կամ սիգարետի տեսք չունենա, կամ <<պառլամենտ>> բառի տառատեսակները կամ գովազդի այլ հատվածներ նույնական չլինեն օղու ու սիգարետի հետ, ապա դա դժվար թե այդ սահմանափակ ապրանքների հետ ասոցիացիա առաջացնի: Նշենք, որ մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ գովազդվում էր հանքային ջուր, որն իրականում հիշեցնում էր նույնանուն օղին, քանի որ անգամ շշի տեսքով այն ասոցացվում էր օղու հետ: Մեզ հետ զրուցած մասնագետները, որոնք չցանկացան իրենց անունը հրապարակել, նշեցին, որ հովանոցային գովազդը խնդիրներ է առաջացնում նույնիսկ եվրոպական երկրներում: Շատ դեպքերում գործը հասնում է դատարան, իսկ վճիռը կայացվում է դատավորի ճաշակով: Այսինքն՝ գովազդը նայելուց հետո, եթե դատավորի մոտ նույնականացման ասոցիացիա չառաջանա, ապա նա կվճռի, որ այդ գովազդը ոչ էլ հովանոցային է: Հենց նման սուբյեկտիվ վճիռներից խուսափելու համար էլ Ա. Մարտիրոսյանն ու այլ մասնագետներ առաջարկում են հոդվածում լրացումներ կատարել: Շատերն ուրախացան, երբ մեր եթերներից դուրս եկան օղու եւ սիգարետների գովազդը: Պարզվում է, <<Գովազդի մասին>> օրենքում ոչ մի տողով նշված չէ, որ այդ ապրանքների գովազդն արգելվում է: Սակայն դրա փոխարեն ինքնակարգավորման սկզբունքով դեկլարատիվ որոշում կայացվեց, եւ բոլոր կողմերը համերաշխ ձեւով այդ ապրանքների գովազդները հանեցին եթերից: Բայց եթե մի օր որեւէ գործարար որոշի կրկին իր ապրանքը գովազդել, ապա դժվար թե նրան պատասխանատվության ենթարկեն: Իսկ եթե վաղը որեւէ օղի արտադրողի մտքով անցնի նորից իր ապրանքը գովազդել հեռուստատեսությամբ, ապա շտապեմ տխրեցնել. էկոնոմիկայի նախարարությունը մշակել է <<Գովազդի մասին>> օրենքի նոր նախագիծ, որը մոտ ժամանակներս ԱԺ-ի քննարկմանը կառաջարկվի: Նախարարության պաշտոնյաները վստահեցնում են, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է ռադիոհեռուստատեսությամբ արգելել թունդ ոգելից խմիչքների գովազդը որոշակի ժամանակահատվածում: Մնում է հուսալ, որ նախագծին՝ ոգելից խմիչքներ ներմուծող եւ արտադրող գործարար պատգամավորները դեմ չեն քվեարկի: Ծխախոտի գովազդն էլ նախատեսվում է իսպառ վերացնել, բացառությամբ որոշակի վայրերի: Ծխախոտի եւ ոգելից խմիչքների գովազդներից պակաս վտանգավոր չեն նաեւ խաղատների գովազդները: Այս մասով եւս որոշ սահմանափակումներ են նախատեսվում: <<Առավոտի>> հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանն էլ համաձայնեց, որ <<Գովազդի մասին>> գործող օրենքը չի համապատասխանում ներկայիս շուկայական հարաբերություններին. <<Այսօրվա օրենքը գովազդի ոչ բոլոր տեսակներն ու առանձին ապրանքների վերաբերյալ մոտեցումներն է արտացոլում: Նոր օրենքում, բացի այն, որ հստակ նշվելու է որոշ թունդ ոգելից խմիչքների սահմանափակումները, լինելու են նաեւ սահմանափակումներ ըստ ոլորտների եւ առանձին այն ապրանքների մասով, որոնք ռիսկային են սերնդի, երիտասարդության եւ հասարակության բարեկեցության եւ առողջության, սոցիալական վիճակի համար>>: Հեռուստաեթերներում ցուցադրվող գովազդի ժամանակահատվածի չարաշահումների մասով էլ պարոն Քոչարյանը վստահեցրեց, որ նոր նախագծով հստակ նշվում են լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, ժամանակի խախտման համար տուգանքների չափսերը, որքան եւ ով է տուգանելու եւ այլն. <<Նոր օրենքը լինելու է ամբողջական: Քննարկումներից հետո որոշվելու է, թե գովազդի վերահսկումը որ մարմնին է հանձնվելու>>: Մեր այն դիտարկմանը, որ տարիներ առաջ <<Գովազդի մասին>> նմանատիպ նախագիծը տապալվեց, ի՞նչ երաշխիք, որ այն այս անգամ կընդունվի, քանի որ այն հակասում է որոշ գործարարների եւ հեռուստաընկերությունների շահերին, պարոն Քոչարյանն ասաց. <<Քննարկումները ցույց կտան, թե վերջնական ինչ տեսք կընդունի օրենքը եւ ովքեր դեմ կքվեարկեն: Բայց շուկայի զարգացումներին դեմ կանգնելը դժվար է, որովհետեւ կան որոշակի չափանիշներ, եւ եթե մենք գնում ենք միջազգային շուկայի ինտեգրացմանը, պետք է այդ չափանիշները պահպանել>>: Հ. Գ. Օրենքի նախագծի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

http://www.aravot.am/am/articles/economy/77989/view


<< Հետ
 
Դիզայն ստուդիա
Մարքեթինգային գործակալություն
Տպարան
Հրատարակչատուն
Հասարակական գործունեությունը